Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի փորձագետների գիտական աշխատանքները տեղ են գտել բելառուսական գիտական պարբերականում
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի «Քրեաբանության, քրեագիտության և դատական փորձաքննության հարցեր» (Вопросы криминологии, криминалистики и судебной экспертизы) խորագրով գիտական հոդվածքների ժողովածուում հրատարակվել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանի և Բյուրոյի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Հովհաննիսյանի գիտական հոդվածները:
Նշենք, որ Ջուլիետա Ղահրամանյանի գիտական աշխատանքը նվիրված է հրդեհատեխնիկական փորձաքննությունների կատարման ժամանակ նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի գազքրոմատոգրաֆիկ նույնականացմանը, իսկ Գայանե Հովհաննիսյանն իր «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով հոդվածում անդրադարձել է դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա:
Հիշեցնենք, որ հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող էր ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում:
Բյուրոյի փորձագետների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումն ու արտերկրի գործընկերների հետ գիտամեթոդական ուղղությամբ ակտիվ համագործակցությունը նպատակ ունի զարգացնել Կազմակերպության փորձագիտական ներուժը, ինչպես նաև բարձրացնել փորձագետների մասնագիտական որակավորումը՝ նպատելով մեր երկրում դատափորձագիտական ոլորտի գիտահենք զարգացմանը:
13 March 2025